ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Իրանը հստակ դիրքորոշումներ ունի Հարավային Կովկասում տիրող իրավիճակի և տարանցիկ միջանցքների վերաբերյալ։ Ինչպես հայտնում է «Irna» գործակալությունը, այս հայտարարությունն արել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին`անդրադառնալով Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հայտարարությանը։
Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է` Թուրքիան ակնկալում է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» նախագիծը կիրագործվի մինչև 2029 թվականը։
«Մենք մեծ ջանքեր ենք գործադրում տարածաշրջանի երկրներում խաղաղություն, կայունություն և անվտանգություն հաստատելու համար։ Մենք ընդգծում ենք` տարանցիկ համագործակցության զարգացումը չի կարող աշխարհաքաղաքական փոփոխությունների և երկրների տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության խախտման համար հիմք հանդիսանալ»,- ասել է Քանանին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան երեք տարի շարունակ փաստացի պնդում են, որ իրենց արտատարածքային միջանցք տրամադրվի Հայաստանի Սյունիքի մարզով՝ Նախիջևանի Ինքնավարության և Ադրբեջանի մնացած հատվածի միջև ցամաքային կապ ապահովելու նպատակով։ Իրանը բազմիցս դեմ է արտահայտվել այդ սցենարին։