ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսին մտահոգում է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, և նա խաղաղության հասնելու կոչ է անում Ադրբեջանին ու Հայաստանին: Հռոմի պապն այդ մասին հայտարարել է Վատիկանում հավատարմագրված դիվանագետների հետ հանդիպմանը։
Հայրապետը միաժամանակ խոսել է տեղահանված անձանց վերադարձի իրավունքների պահպանման և կրոնական հուշարձաններն ու սրբավայրերը հարգելու անհրաժեշտության մասին։
Ֆրանցիսկոս պապը նաև կոչ է արել բանակցությունների միջոցով վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը:
«Չի կարելի թույլ տալ, որ այդ հակամարտությունը ձգձգվի՝ վնասելով միլիոնավոր մարդկանց, մենք պետք է բանակցությունների միջոցով վերջ դնենք շարունակվող ողբերգությանը՝ միջազգային իրավունքի պահպանմամբ»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ Հռոմի պապը Սուրբ ծննդյան իր ուղերձում և Urbi et Orbi օրհնության խոսքում նույնպես անդրադարձել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության թեմային: Նա վստահություն էր հայտնել, որ դրան կնպաստեն մարդասիրական նախաձեռնությունները, փախստականների վերադարձը իրենց տներ՝ օրինական հիմքերով և անվտանգության պայմաններում, ինչպես նաև կրոնական ավանդույթների նկատմամբ փոխադարձ հարգանքը: