ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը 2023 թվականի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց, թե ինչպես Հռոմի ստատուտի վավերացումը կօգնի հետաքննել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները։
Նախարարությունն ուսումնասիրել է մի շարք երկրների, այդ թվում՝ Վրաստանի փորձը, սկսել է օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակումը, որը պետք է ընդունվի Հռոմի ստատուտի վավերացումից հետո։
«Առաջին քայլը նոր օրենսդրության մշակումն է՝ միջազգային փորձագետների հետ աշխատելով»,- ասաց Մինասյանը։
Նախարարի խոսքով, դրանից հետո Հայաստանի քննչական մարմինները կկարողանան հետաքննությանը ներգրավել միջազգային դատախազների։
«Նրանք գալով Հայաստան և ծանոթանալով փաստաթղթերին՝ մասն են դառնում այդ դատավարության, և այս դեպքում Հայաստանը հենց այդ ռազմական հանցագործությունների նախաքննական պրոցեսներում միայնակ չէ, այլ ներգրավում է միջազգային առաջատար վարույթ իրականացնող մարմիններ»,- նշեց Մինասյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովը ՄՔԴ-ի Հռոմի ստատուտը վավերացրել է 2023 թվականի հոկտեմբերի 3-ին՝ բացատրելով, որ Երևանն այդպես կկարողանա դատարանի առաջ բարձրացնել Հայաստանի և նրա դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների հարցը (այդ թվում՝ 2021-22 թթ. Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժումների ժամանակ)։
Մոսկվան քննադատել է պաշտոնական Երևանի որոշումը։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ դա ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա, քանի որ «հայ գործընկերները ի սկզբանե տեղեկացված էին ՌԴ դիրքորոշման մասին, որ Հայաստանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության վավերացումն անընդունելի է այն պայմաններում, երբ այս կառույցը «Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համար» տվել է «ձերբակալման օրդեր»։