Հայաստանը Կոստա Ռիկայում պատվավոր հյուպատոսություն կբացի

Հյուպատոսությունը բացվում է մի շարք ոլորտներում կապերի ամրապնդման նպատակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը Կենտրոնական Ամերիկայի Կոստա Ռիկա պետությունում պատվավոր հյուպատոսություն կբացի։ Տեղեկությունը հայտնում է Մեքսիկայում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունը։
«Հայաստանի Հանրապետությունը Կոստա Ռիկայում բացում է պատվավոր հյուպատոսություն՝ երկու երկրների միջև տնտեսական, մշակութային, ակադեմիական և զբոսաշրջային կապերի ամրապնդման նպատակով»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հրամանով Կլաուդիո Մալոֆը նշանակվել է Կոստա Ռիկայում ՀՀ պատվավոր հյուպատոս։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և Կոստա Ռիկայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1997 թ. ապրիլի 8-ին: 2014 թվականից Մեքսիկական Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանությունը համատեղության կարգով հավատարմագրված է նաև Կոստա Ռիկայում (նստավայրը՝ քաղաք Մեխիկո)։ 2022 թվականի հոկտեմբերի 25-ին Կոստա Ռիկայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմելլա Շաքարյանը (նստավայրը քաղաք Մեխիկո) իր հավատարմագրերն է հանձնել Կոստա Ռիկայի նախագահ Ռոդրիգո Չավեսին։