ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik․ՀՀ իշխանությունները հույս ունեն մինչև 2024 թվականի ավարտը օպերատոր ընտրել «չոր նավահանգիստ» նախագծի և Գյումրիում ինդուստրիալ պարկ կառուցելու համար։ Այսօր տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Հայաստանում վերջին երկու տարիներին ակտիվ աշխատանք են տանում Գյումրու «չոր նավահանգիստ» նախագծի ուղղությամբ։ Ծրագրի իրականացումը թույլ կտա ստեղծել խոշոր արդյունաբերական գոտի՝ հնարավոր և անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով և նոր աշխատատեղերով:
««Չոր նավահանգստի» նախագիծը տնտեսապես դրական արդյունք կապահովի։ Դրա տեխնիկատնտեսական հիմնավորումը ստացել է դրական գնահատական, և այն կներկայացվի Հանրային ներդրումային կոմիտե»,- ասաց Քերոբյանը։
Նախագծի հաստատումից հետո կսկսվի պետություն-մասնավոր ընկերություն համաձայնագրի նախապատրաստման փուլը, մրցույթի հայտարարությունը և մի շարք այլ միջոցառումներ:
Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Շառլ Մալասը, որը պատասխանատու է նախագծի կազմակերպման համար, Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասել էր, որ նախագծի նկատմամբ հետաքրքրություն են դրսևորել մի շարք արտասահմանյան ընկերություններ, որոնց թվում են նաև Մերձավոր Արևելքի երկրները։ Նա նաև նշել էր, որ ընտրված ձեռնարկությունը պետք է լինի միջազգային մակարդակի, ունենա բիզնես վարելու հարուստ փորձ, լինի ֆինանսապես ուժեղ, Իսկ Հայաստանում այդպիսի ձեռնարկություններ չկան:
Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները Գյումրին համարում են ամենահարմար քաղաքը «չոր նավահանգստի» հայեցակարգի իրականացման համար, քանի որ քաղաքը կարող է ապահովել ավտոմոբիլային, օդային և երկաթուղային կապ: Բացի այդ, այստեղ լավ զարգացած է ենթակառուցվածքը, երկաթուղային կապը։ Քաղաքը սահմանակից է Թուրքիային, Վրաստանին և կարող է կապ ապահովել ՌԴ-ի և Եվրոպայի երկրների հետ, այդ թվում ՝ Սև ծովի նավահանգիստների միջոցով։
Նախատեսվում է ստեղծել մի ամբողջ արդյունաբերական պարկ, որը գրավիչ կլինի օտարերկրյա ներդրումների, դեղագործական, բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների համար։ Այստեղ էլ կկառուցվեն գործարաններ, կհիմնվի արտադրություն։ Նախագիծը նաև հնարավորություն կտա դիվերսիֆիկացնել առևտուրը և Շիրակը դարձնել արդյունաբերական գոտի։
Նախարարության մտահղացմամբ՝ «չոր նավահանգիստը» կդառնա բազմաֆունկցիոնալ և մուլտիմոդալ հանգույց մաքսային գործընթացների համախմբման կարիք ունեցող տարածաշրջանային և միջազգային ընկերություններին սպասարկելու համար: Այն կապ կհաստատի ինչպես «Շիրակ» միջազգային օդանավակայանի, այնպես էլ «Հյուսիս-հարավ» երկաթուղու և տրանսպորտային միջանցքի հետ։ Դրանում կներառվեն ազատ տնտեսական գոտու կարգավիճակով օդանավակայանը, բաշխիչ կենտրոնները, փոքր և միջին ձեռնարկությունները, թեթև արդյունաբերության օբյեկտները, արտադրական բազաները, հոսքագծերը և միջազգային պարենային շուկան։