Ֆրանսիացի խորհրդատուները կօգնեն Հայաստանին կողմնորոշվել կոնյակի նոր անվանման հարցում

Կոնյակ
Հայկական արտադրողների մեծ մասը կարծում է, որ ճիշտ կլինի, եթե հայկական կոնյակը անվանվի «Armenian Brandy»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Ֆրանսիացի խորհրդատուները կօգնեն Հայաստանին կողմնորոշվել կոնյակի նոր անվանման հարցում։ Ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։
Նա նշեց, որ նախարարությունը կոնյակի գործարանների հետ մի քանի քննարկում է անցկացրել հայկական կոնյակի համար հնարավոր նոր անվանման հարցով։ Նրանց մեծ մասը կարծում է, որ լավ տարբերակ է «Armenian Brandy» անվանումը։

«Անվանման հարցին մենք զգուշորեն ենք մոտենում։ 2023 թվականին իրականացված ուսումնասիրության արդյունքում կոնյակագործները նույն եզրահանգման են եկել, որ հայկական կոնյակի հետ ավելի ասոցացվում է «Armenian Brandy» անվանումը։ Նշեմ նաև, որ մեզ համար կարևոր է ոչ միայն անվան ընտրությունը, այլև որակի վերահսկողությունը։ Մեր եվրոպացի գործընկերների հետ երկխոսությունն ուղղված կլինի դրան»,– նշեց Խոջոյանը։

Նշենք, որ Հայաստան-ԵՄ ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագրով, որը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերին, Հայաստանը պետք է 14 տարվա ընթացքում հրաժարվի «կոնյակ» անվանումից ներքին շուկայում և 25 տարվա ընթացքում` արտասահմանյան: Միաժամանակ ԵՄ-ն պարտավորվել է Հայաստանին տեխնիկական աջակցության դրամաշնորհ տրամադրել հայկական կոնյակը նոր անվանումով առաջ մղելու համար։
Թանկարժեք կոնյակից` էժանագին բրենդի. ՀՀ–ն որոշել է ենթարկվել Ֆրանսիային ու ԵՄ–ին