Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորվել Գրիգորի Խաչատուրովին

Գրիգորի Խաչատուրով. Արխիվային լուսանկար
Խաչատուրովը գրավի դիմաց ազատ էր արձակվել դեկտեմբերի 2-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. ՀՀ Դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով կրկին կալանավորել գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Դատախազությունը պահանջում է բեկանել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով և վարչական հսկողությամբ փոխարինելու մասին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը և Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։
Հիշեցնենք, Խաչատուրովը գրավի դիմաց ազատ էր արձակվել դեկտեմբերի 2-ին:
2023 թ. փետրվարի 21-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։ Նա ձերբակալվեց։
Դատախազությունը միջնորդություն ներկայացրեց նրան կալանավորելու համար։ Սակայն Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժեց միջնորդությունը։ Խաչատուրովը նույն օրը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։
Փետրվարի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք ներկայացրեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարան Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:
Մարտի 16-ին Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում կայացրեց։