ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Արդարադատության նախարարությունն արդեն ունի ՀՀ-ում նոր կալանավայրի վերջնական մոդելը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Նա պատմեց, թե ինչ փուլում է այս պահին գտնվում ՀՀ-ում նոր կալանավայրի կառուցման գործընթացը։
«Հայտարարված մրցույթ կա, հաղթող ընկերություն կա, հիմա հողատարածքի վերաբերյալ երկրաբանական և գեոդեզիական եզրակացության կազմման փուլում ենք։ Ամենայն հավանականությամբ, 2-3 ամսվա ընթացքում եզրակացությունը պատրաստ կլինի», - ասաց Գրիգոր Մինասյանը։
Նախարարը հավելեց, որ դրանից հետո էլ կհայտարարվի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման մրցույթ։
Ավելի վաղ Գրիգոր Մինասյանը հայտարարել էր, որ 2024 թվականի նոյեմբերին Հայաստանում նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման մրցույթ կհայտարարվի։