Այլևս ակնկալիք չունենք ՀԱՊԿ–ից. Արմեն Գրիգորյան

ՀԱՊԿ անդամ երկրների դրոշներ
ԱԽ քարտուղարը հերքեց այն պնդումները, թե ՀԱՊԿ–ը Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն է առաջարկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Հայաստանն այլևս որևէ ակնկալիք չունի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս հայտարարությունն արեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Մենք որևէ ակնկալիք չունենք ՀԱՊԿ–ից, որովհետև 2022 թվականի սեպտեմբերին կամ դրանից առաջ, երբ Հայաստանի Հանրապետության վրա լայնածավալ հարձակումներ էին տեղի ունեցել (նկատի ունի ադրբեջանական ագրեսիան. խմբ.), դիմել ենք ՀԱՊԿ–ին` ակնկալելով օգնություն, որպեսզի մեր սուվերեն տարածքը պաշտպանվի։ Մենք որևէ ադեկվատ արձագանք չենք ստացել»,– ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով` հենց այդ ամենից հետո հայկական կողմը հասկացել է, որ որևէ օգնություն կամ աջակցություն ակնկալել պետք չէ։
Գրիգորյանը նշեց` երբ կազմակերպությունը հայտարարեց Հայաստան առաքելություն ուղարկելու պատրաստակամության մասին, հայկական կողմը մեկ հարց ուներ՝ կոնկրետ որտե՞ղ են տեղակայվելու ՀԱՊԿ դիտորդները, և որտե՞ղ է անցնում Հայաստանի սահմանը: Հստակ պատասխան չհնչեց։
Արմեն Գրիգորյանը նաև հերքեց այն պնդումները, թե կազմակերպությունը ռազմատեխնիկական օգնություն է առաջարկել Հայաստանին։
Հիշեցնենք` 2022 թվականի դեկտեմբերի 7-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էր հայտարարել, որ ՀԱՊԿ–ի կողմից ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու հարց է քննարկվել։