496 ստուգում, 71 տոկոս խախտում, 207,5 միլիոն տուգանք. ի՞նչ է կատարվել շուկայում 2023 թ.

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի ասուլիսը
Այս տարի գազա և բենզալցակայաններում կփակցվեն QR կոդեր, որոնց միջոցով քաղաքացիները կտեղեկանան տվյալ լցակայանի նախկին խախտումների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. 2023 թվականին Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը 32 ոլորտներում 496 ստուգում է իրականացրել, որից 71 տոկոսում հայտնաբերվել են խախտումներ։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնեց կառավարությանը կից շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը։
Տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում, մասնավորապես խաղալիքների, ավտոգազալիցքավորման ճնշակայանների,ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի, հեղուկ ածխաջրածնային գազերի, օծանելիքակոսմետիկական արտադրանքի, թանկարժեք մետաղների և այլ ոլորտներում։
«2023 թվականին հայտնաբերված խախտումների հիմքով նշանակված տուգանքների չափը կազմել է 207 միլիոն 579 հազար դրամ»,–ասաց նա։
Կոտոլյանը տեղեկացրեց, որ 2023 թվականի ընթացքում թվով 19 ցուցանակ է տնտեսվարողների մոտ փակցվել «մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» գրություններով։ Իսկ 2024 թվականի ընթացքում գազա և բենզալցակայաններում կփակցվեն QR կոդեր, որոնց միջոցով քաղաքացիները կտեղեկանան տվյալ լցակայանի նախկին ստուգումների մասին։
«Քաղաքացիները ցանկացած պահի կարող են մոտենալ, սկանավորել QR կոդերը ու տեղեկանալ նախորդ տարիներին` ինչ ստուգումներ է տեսչական մարմինը այդ տնտեսվարողի մոտ իրականցրել, եղել են խախտումներ, թե ոչ, և ինչ խախտումներ են եղել։ Սա ևս կարող է ուղղորդել, որ քաղաքացիները լիցքավորեն այն կետերում, որտեղ խախտումները հնարավորինս քիչ են»,–ասաց Կոտոլյանը։
Կոտոլյանը նաև նշեց, որ մինչև 2021 թվականին հեղուկ գազի ոլորտում որևէ վերահսկողություն չի եղել, 2022 թվականից տեսչական մարմինը վերահսկում է ոլորտը։ Անցնող տարվա ընթացքում ստուգումներ է իրականացվել թվով 14 տնտեսվարողի մոտ, որից 2–ը որակական առումով չեն համապատասխանել չափանիշներին։
«Ինչպես նաև հեղուկ գազի ոլորտում իրականացվել է չափագիտական կանոնների և նորմերի 56 ստուգում, որի արդյունքում 32–ի մոտ հայտնաբերվել են թերություններ. դրանք թերլիցքավորումներին է վերաբերվում»,–հավելեց նա։
Կոտոլյանը տեղեկացրեց, որ հայտնաբերված խախտումներից հետո եղել է նաև ստուգում և իրենց բոլոր կարգադրագրերի պահանջները եղել են տնտեսվարողի կողմից կատարված և թերությունները վերացված։
Ընդհանուր առմամբ տեսչական մարմինը 2023 թվականի ընթացքում քաղաքացիներից ստացել է 41 բողոք` ծխախոտի վաճառակետում բաց ցուցադրության, բենզինի, հեղուկ գազի թերլիցքավորման տեխկանոնակարգերի պահանջների չկատարման վերաբերյալ։