Ծրար՝ անձամբ Պուտինից, քոչարի՝ հյուրերի հետ․ վետերան Ենոք Առուստամյանը նշել է 100-ամյակը

Վետերան Ենոք Առուստամյանը նշել է 100-ամյակը
Ենոք Միխայլովիչը ռազմաճակատ մեկնեց 18 տարեկանում։ Մասնակցել է Ուկրաինայի ազատագրման համար մղվող թեժ մարտերին։ Վետերանի պարգևների շարքում Հայրենական մեծ պատերազմի II աստիճանի շքանշան կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի - Sputnik. Հայրենական մեծ պատերազմի վետերան Ենոք Միխայլովիչ Առուստամյանը, ինչպես հին հայկական լեգենդներում, 100-ամյակը տոնում է 7 օր, 7 գիշեր։ Ծննդյան օրը՝ հունվարի 4-ին, նա նվերներ և շնորհավորանքներ է ստացել բարեկամներից և ընկերներից։
Իսկ մեկ օր անց կայացավ «պաշտոնական» արարողությունը․ շնորհավորեցին Ստավրոպոլի երկրամասի կառավարության փոխնախագահ Նիկոլայ Աֆանասովն ու Պրեդգորնիի օկրուգի ղեկավար Նիկոլայ Բոնդարենկոն։ Նրանք իրենց հետ բերեցին վետերանի համար ամենաանսպասելի նվերը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը՝ «Մոսկվա, Կրեմլ» գրությամբ ծրարով։
Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը
Վետերանը չէր հավատում, որ դա կատակ չէ, որ նախագահն անձամբ է իրեն շնորհավորում։
«Նա (ՌԴ նախագահը – խմբ․) այնքան գործ ունի, բայց ոչ մի վայրկյան չի մոռանում վետերաններին», - նշեց հուզված վետերանը։
Վետերան Ենոք Առուստամյանը նշել է 100-ամյակը
Ենոք Միխայլովիչն այնքան էր ուրախացել, որ հյուրերի հետ քոչարի էր պարել։ Բացի այդ, ինչպես փոքր ժամանակ, փչեց տորթի մոմերը՝ ցանկանալով միայն մեկ բան՝ խաղաղություն։
Նա խոստովանեց, որ սրտի թրթիռով է սպասել հենց այս ծննդյան օրվան, չէ՞ որ 100-ամյակին ոչ բոլորն են հասնում։
«Նա նման ուշադրությունչէր սպասում։ Դա շատ է հուզել պապիկին, և նա դա չէր թաքցնում»,- պատմեց նրա թոռնուհին՝ Մերին։
Ընտանեկան հավաքույթը, նրա խոսքով, տեղափոխվել է կիրակի՝ հունվարի 7-ին, որպեսզի բոլոր երեխաներն ու թոռները կարողանան անձամբ շնորհավորել վետերանին և նրան նվերներ հանձնեն։
Ենոք Միխայլովիչը 4 երեխա և 18 թոռ ունի, բայց ամենասիրելին հայկական մեծ ընտանիքի ամենակրտսեր անդամն է՝ 5-ամյա թոռան թոռ Էդգարը։ Նրան վետերանը երես է տալիս, թե ուշադրությամբ, թե կոնֆետներով։
«Պապիկը ոչինչ չի խնդրել՝ ոչ նվերներ, ոչ տոնախմբություն։ Բայց բոլորը գիտեն, որ նա սիրում է, երբ նրան այցի են գալիս, ուշադրության նշաններ են ցուցաբերում։ Նրա մոտ նույնիսկ դպրոցականներ են եկել, հարմոն նվագել, ուրախացրել», - ասաց Առուստամյանի թոռը։
Ենոք Միխայլովիչն ընդհանրապես շատ է սիրում զվարճանք, կատակներ, նույնիսկ չնայած նրան, որ ծանր կյանք է ունեցել։ 1942 թվականին՝18 տարեկանում, Առուստամյանը ռազմաճակատ է մեկնել, պատերազմի տարիներին կորցրել է երկու եղբայրներին։ Մասնակցել է Ուկրաինայի ազատագրման համար մղվող թեժ մարտերին։ Վետերանի պարգևների շարքում Հայրենական մեծ պատերազմի II աստիճանի շքանշան կա։
Վետերան Ենոք Առուստամյանը նշել է 100-ամյակը
Կյանքի մեծ մասը Ենոք Միխայլովիչն անցկացրել է ԼՂ Մարտակերտ քաղաքում, եղել է փոստային բաժանմունքի պետ։ 1994 թվականին ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստան, 2012 թվականից ապրում է Եսենտուկիում։
«Նա պինդ և աշխատասեր է։ Այն աստիճան, որ նույնիսկ 80 տարեկանում չէր ցանկանում թողնել աշխատանքը», - նկատեց Մերին։
Ենոք Միխայլովիչն այսօր էլ ակտիվ մասնակցություն է ունենում երիտասարդ սերնդի լուսավորման գործում, կիսվում մարտական ընկերների սխրանքների մասին հիշողություններով և խոսում հայրենասիրական դաստիարակության կարևորության մասին։
Վետերանն ուշադիր հետևում է նորություններին, սակայն գերադասում է չքննարկել դրանք։ Փոխարենը սիրում է հայրենասիրական երգեր և խոստանում պարել հաջորդ հոբելյանի ժամանակ, որը պետք է նշել ոչ պակաս հանդիսավոր, որքան 100-ամյակը։