ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է Փրկարար ծառայությունը։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Տիգրանաշենի ոլորաններում մերկասառույց է։ Այն և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար. խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ:
Տեղեկացվում է, որ Գեղարքունիքի մարզի, Աշոցքի տարածաշրջանների և Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Փրկարար ծառայությունից հայտնում են նաև, որ մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։