ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik․ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ է նշանակվել էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը։ Տեղեկությունը հայտնում են ֆոնդի մամուլի ծառայությունից։
Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ ԱՆԻՖ-ի ղեկավար կազմում մի շարք այլ փոփոխություններ ևս կատարվել են։ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի անդամներ են նշանակվել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Էդգար Մկրտչյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը։
Խորհրդի երեք նոր անդամների քվեարկությամբ վաղաժամ դադարեցվել է ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանի լիազորությունները։
Նշենք, որ ԱՆԻՖ- ի ստեղծման օրվանից ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի անդամ, իսկ 2023 թվականից՝ խորհրդի նախագահն էր Ֆրանսիայի նախկին վարչապետ և ներքին գործերի նախարար Դոմինիկ Դը Վիլպենը։ Վերջինս հրաժարական է ներկայացրել նաև խորհրդի անդամի պաշտոնից։ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդից հեռացել է նաև Իսիդորո Լուչիոլան, որը մի շարք միջազգային ներդրումային բանկերի և անկախ կորպորատիվ ֆինանսական կառույցի հիմնադիր նախագահն է, Իտալիայում գործող բանկերի (վարկային գործակալությունների), ինչպես նաև Իտալիայի ֆինանսական շուկայի առաջատար խորհրդատվական և գործակալական ծառայությունների գծով խորհրդատու:
Հեռացել են նաև ԱՆԻՖ-ի ներդրումային կոմիտեի նախագահ Խալեդ Հելիոուին և Ներդրումային կոմիտեի անդամ Մայքլ Թոմփսոնը: