ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. ՀՀ դպրոցների վերանորոգումից հետո բոլոր թերությունները պետք է գույքագրվեն և մինչև դրանք չվերացվեն, աշխատանքը չպետք է ընդունվի։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Արմավիրի մարզում։ Աշխատանքային այցի շրջանակներում նա այցելել է դպրոցներ և ստուգել վերանորոգումների արդյունքները։
Ջանֆիդա գյուղի Է. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոցում կառուցվել է նոր մարզադահլիճ և հանդիսությունների դահլիճ, ինչի համար պետական բյուջեից հատկացվել է 326 մլն դրամ։
«Մի շարք խնդիրներ առկա էին նաև այս դպրոցում։ Պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերում որևէ թերություն անընդունելի է, նման ծրագրերը չեն կարող համարվել ավարտված»,–ասել է Փաշինյանը։
Նա այցելել է նաև Արտիմետ գյուղի միջնակարգ դպրոց, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ: Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 198 մլն դրամ է:
«Աշխատանքներն ընդունված կհամարվեն միայն անթերի լինելու դեպքում»,–ասել է նա։
Փաշինյանն ընդգծել է, որ շինարարներն անձամբ` իրենց գրպանից են վճարելու թերությունները շտկելու համար։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 3-ին այցելել էր Լոռու մարզի մի շարք դպրոցներ` ծանոթանալու կառավարության կատարած աշխատանքներին։
Նա մի շարք խախտումներ էր արձանագրել, ինչի արդյունքում Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը պաշտոնանկ արվեցին։
Իսկ հունվարի 5–ին նա Արմավիրի մարզ էր այցելել, որից հետո պաշտոնանկ արվեց մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը։