ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Հայ ժողովուրդը պետք է նախանձախնդիր լինի հայրենի պետության հզորացման հարցում և համախմբվի իր ողջ ներուժով` կասեցնելու համար Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներն ու ոտնձգությունները։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոների առթիվ հանրապետական պատգամ է հղել։
Նա ընդգծել է, որ հայ ժողովուրդը 21-րդ դարում վերստին կրեց կորուստներ, ենթարկվեց նոր փորձությունների, որոնք, ցավոք, անկարող եղանք հաղթահարել աշխարհաքաղաքական բարդ իրադարձությունների պատճառով։
Կաթողիկոսի խոսքով՝ բարությունը վերածվել է չարության, արդարությունը՝ կողմնակալության ու հաշիվները մաքրելու։ Ճշմարտությունը վերածվել է ստի ու չարամիտ գործողությունների։
Գարեգին Բ–ն վստահ է, որ նման արատները պատճառ դարձան մեր ազգի մասնատման, ուժերի ջլատման ու պարտությունների համար։
«Արցախը միայնակ մնաց իրեն պատած արհավիրքների օրերին։ Արցախցի հայորդիք եղան հալածական հայրենի բնօրրանից, աստանդական և անօթևան»,–ասել է կաթողիկոսը։
Միաժամանակ կաթողիկոսը դիմել է Արցախից բռնի տեղահանվածներին և կոչ արել չհուսահատվել և ապավինել Աստծուն։
«Սիրելիներ, դուք անօրինակ հերոսական և անընկճելի ոգով ամենայն արժանապատվությամբ և անտրտունջ հաղթահարել և հաղթահարում եք ձեզ պատուհասած նեղությունները։ Մեզ համար երբեք անցյալ չի դառնալու Արցախը, որը մենք շարունակելու ենք փայփայել մեր սրտում ու հոգում՝ ամենայն ջանք ի գործ դնելով արցախահայության իրավունքների պաշտպանության համար»,–ասել է նա։
Նա ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում հայ ժողովուրդը պետք է միասնական պայքարի ու վերացնի արհեստականորեն ստեղծված անջրպետները, կառուցի խաղաղ, բարեկեցիկ ու ապահով ապագա։
Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցին այսօր` հունիսի 6–ին, նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան ու Աստվածահայտնության տոնը։