ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Իսրայելի ԱԳՆ - ն դիմել է այլ երկրներին՝ խնդրելով հանդես գալ ՄԱԿ-ի միջազգային դատարանում ՀԱՀ-ի նախաձեռնած գործընթացի դեմ։ Այս մասին հայտնում է RT–ն` հղում անելով իսրայելական Axios–ին։
Դեկտեմբերի 30-ին Հարավաֆրիկյան Հանրապետությունը հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ–ի դեմ Իսրայելի գործողությունները որպես ցեղասպանություն ճանաչելու համար։
Իսրայելը ժխտում է ՀԱՀ–ի մեղադրանքները՝ ասելով, որ Հարավային Աֆրիկան «կոչ է անում ոչնչացնել Իսրայել պետությունը, և որ նրա պնդումները չունեն ո՛չ փաստական, ո՛չ իրավական հիմքեր»։
Իսրայելի ԱԳՆ-ն խնդրել է իր դեսպաններին ճնշում գործադրել ընդունող երկրների դիվանագետների ու քաղաքական գործիչների վրա, պահանջել, որ դիվանագետներն անհապաղ և միանշանակ հայտարարեն, որ մերժում են «Իսրայելի դեմ առաջադրված աղաղակող, անհեթեթ և անհիմն մեղադրանքները»։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։
Դեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամկետը լրացավ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսեցին ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ: