ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանից զորքերի հայելային դուրսբերման առաջարկը մնում է ուժի մեջ: Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են Հայաստանի ԱԳՆ-ից։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքում հայկական կողմը մշտապես հանդես է եկել Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանից զորքերի հայելային հետքաշման առաջարկությամբ, և դա շարունակում է մնալ ուժի մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է օր առաջ ներգրավվել դրա իրականացման շուրջ քննարկումներում:
«Հայաստանի Հանրապետությունը բազմիցս ընդգծել է, որ զորքերի հայելային հետքաշումը պետք է տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանից` հիմք ընդունելով Խորհդային Միության Գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզները»,–նշված է հաղորդագրության մեջ:
ԱԳՆ-ից չեն մեկնաբանել, թե խաղաղության պայմանագրի որ ձևակերպումների շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ չեն հասել վերջնական համաձայնության։
ԱԳՆ–ից նաև հայտնում են, որ Հայաստանի համար առաջնային է երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը` հիմնված ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների վրա:
Նախօրեին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, որ հայ-ադրբեջանական սահմանից զորքերի հայելային դուրսբերման շուրջ բանակցությունները շարունակվում են։
Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ Բաքուն և Երևանը քննարկում են պայմանական սահմանից զորքերը դուրս բերելու հայկական նախաձեռնությունը։ Բաքուն մերժել էր այս առաջարկը։