Պետք է համախմբվել` կասեցնելու համար Ադրբեջանի ոտնձգությունները. Գարեգին II

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը և Աստվածահայտնության տոնը։ ՆՍՕՏՏ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամ է հղել Փրկչի տոնի առիթով, իր պատգամում անդրադարձել է հայաթափված Արցախին ու բռնի տեղահանված արցախցիներին։
Sputnik
Վեհափառ Հայրչապետը կոչ է արել՝ նախանձախնդիր լինել հայրենի պետության հզորացմանը, համախմբվել ամբողջ ներուժով՝ կասեցնելու համար Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներն ու ոտնձգությունները․
«Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության հուսաբեր խորհրդով քաջալեր՝ Հայրապետական Մեր հորդորն ենք բերում Արցախից տեղահանված Մեր զավակներին։ Սիրելիներ, դուք անօրինակ հերոսական և անընկճելի ոգով ամենայն արժանապատվությամբ և անտրտունջ հաղթահարել և հաղթահարում եք ձեզ պատուհասած նեղությունները։ Մեզ համար երբեք անցյալ չի դառնալու Արցախը, որը մենք շարունակելու ենք փայփայել մեր սրտում ու հոգում՝ ամենայն ջանք ի գործ դնելով արցախահայության իրավունքների պաշտպանության համար։ Մնացեք լի հույսով՝ Աստված ձեզ բարիքներ և օրհնություններ պիտի պարգևի ձեր կրած զրկանքների փոխարեն։
Ձեր դժվարություններում դուք միայնակ չեք։ Ձեզ հետ են ի հայրենիս և ի սփյուռս հավատավոր ձեր եղբայրներն ու քույրերը, ովքեր պիտի շարունակեն բոլոր հնարավոր միջոցներով սատար ու օգնական լինել ձեզ։ Միասին մենք դուրս պիտի գանք առկա ծանր իրավիճակից և կառուցենք խաղաղ, բարօր ու ապահով ապագան մեր ժողովրդի ու հայրենիքի։ Հավատում ենք մեր նոր կյանքի արշալույսին, քանզի խավարը չի կարող արգելք լինել արևածագին»։