Փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացիներն Արաբական Միացյալ Էմիրություններ կմեկնեն առանց վիզայի

Դուբայ
ՀՀ քաղաքացիները կարող են էմիրություններում մնալ առավելագույնը 90 օր՝ յուրաքանչյուր 180-օրյա ժամանակահատվածում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները փետրվարի 1-ից կկարողանան Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնել առանց մուտքի վիզայի։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել, դուրս գալ և տարանցել ԱՄԷ տարածքով առանց մուտքի վիզայի և վճարի։ ՀՀ քաղաքացու անձնագիրը պետք է վավերական լինի նվազագույնը 6 ամիս՝ հաշված ԱՄԷ ժամանելու օրվանից»,- նշել է Բադալյանը։
ՀՀ քաղաքացիներին թույլատրվելու է Արաբական Միացյալ էմիրությունների տարածքում գտնվել առավելագույնը 90 օր՝ յուրաքանչյուր 180-օրյա ժամանակահատվածում։
Հիշեցնենք` 2023 թվականի սեպտեմբերի 7-8-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի և ԱՄԷ քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման համաձայնագիր ստորագրվեց։ Նշվում էր, որ արձանագրությունն ուժի մեջ կմտնի երկու երկրների կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերն ավարտելուց հետո: