Փաշինյանի աշխատակազմը Քաղաքաշինության կոմիտեի նախագահ է փնտրում

Պայուսակ
Կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր է հունվարի 4-ից. Արմեն Ղուլարյանը պաշտոնանկ արվեց Փաշինյանի՝ Լոռու մարզ կատարած աշխատանքային այցից հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik․ ՀՀ վարչապետի աշխատակազմը Քաղաքաշինության կոմիտեի նախագահ է փնտրում։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքում։ Ղեկավարի պաշտոնում թեկնածուների կադրային բանկը համալրելու նպատակով վարչապետի աշխատակազմն ինքնակենսագրություններ է հավաքագրում։
«Պահանջվում է պատշաճ կրթություն, ծրագրերի կառավարման, ղեկավարման, վերահսկողության կամ համակարգման փորձ և հմտություններ»,- նշված է հայտարարության մեջ։
Պահանջվող որակավորումների վերաբերյալ այլ մանրամասներ նշված չեն։ Հետաքրքրված թեկնածուները, ինքնակենսագրությունից բացի, պետք է նաև մոտիվացիոն նամակ ուղարկեն։ Վերջնաժամկետը 2024 թվականի հունվարի 9-ն է։
Հայտարարության մեջ նշված է, որ հարցազրույցներից հետո ընտրված երեք թեկնածուների տվյալները կներկայացվեն վարչապետին՝ կառավարության հաստատմանը ներկայացնելու համար։
Հիշեցնենք, որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր է մնացել հունվարի 4-ից, երբ պաշտոնից հեռացվեց Արմեն Ղուլարյանը։ Նա և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը պաշտոնանկ արվեցին վարչապետի՝ Լոռու մարզ կատարած աշխատանքային այցից հետո, երբ դպրոցի նորակառույց մարզադահլիճում բազմաթիվ թերություններ էին հայտնաբերվել։