ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ոչ միայն ֆուտբոլ է խաղում, այլև շախմատ։ Այդ մասին նա խոստովանել է իտալական La Gazzetta dello Sport պարբերականին տված հարցազրույցում։
«Շախմատն օգնում է ինձ մտածել և ավելի լավը դառնալ, անընդհատ զարգանում եմ որպես ֆուտբոլիստ»,– նշել է ֆուտբոլիստը։
Մխիթարյանը պարբերականին տված հարցազրույցում խոսել է նաև իր ֆուտբոլային կարիերայում մարզիչների դերի մասին։
«Ամեն ինչ սկսվել է Միրչ Լուչեսկուից։ Մոուրինյոն ինձ համար ամենաբարդ մարզիչն էր, բայց նա իսկական հաղթող էր, բացի հաղթանկաից չէր մտածում որևէ այլ բանի մասին։ Կլոպը հոգեբան էր։ Հիմա ես արդեն փորձառու եմ ու այլ ընկալում ունեմ։ Ինձագիի հետ ես սկսեցի աշխատել 33 տարեկանում, մենք գրեթե ընկերական կապ հաստատեցինք։ Կարող եմ ասել, որ նա հզոր մարզիչ է, դա երևում է նաև նրա խաղային ոճից»,– ասել է Մխիթարյանը։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» կազմում անցկացրել է 18 հանդիպում` դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։