ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik․ Իրանում 11 մարդ է ձերբակալվել Քերման քաղաքի գերեզմանատան մոտ տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցելու կասկածանքով։ Տեղեկությունը հայտնում է իրանական «Tasnim» գործակալությունը ։
Քերմանում հայտնաբերվել է նաև այն տունը, որտեղ բնակվել են պայթյուններ իրականացրած երկու մահապարտ ահաբեկիչները: Տանը եղել են պայթուցիկ սարքեր, այդ թվում՝ պայթուցիկով գոտիներ։
Նշենք, որ վերջին տեղեկություններով՝ պայթյունների հետևանքով մահացածների թիվը 89 է, որոնցից 12-ը Աֆղանստանի քաղաքացիներ են։ Մահացածների թվում մինչև 10 տարեկան 9 երեխա և 30 դեռահաս կա։ Ընդհանուր առմամբ 284 մարդ է վիրավորվել։
Հիշեցնենք` հունվարի 3-ին Իրանի Քերման քաղաքում` գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզման տանող ճանապարհին, պայթյուններ են որոտացել։
Իշխանությունները Քերմանում տեղի ունեցած պայթյուններն ահաբեկչական հարձակում են որակել։ Ըստ իրանական լրատվամիջոցների` գերեզմանատան մոտ երկու պայթուցիկ սարք է դրված եղել պայուսակների մեջ։ Սարքերը գործարկվել են հեռակառավարմամբ։
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»։