Հայաստանը կապի մեջ է Իրանի հետ՝ հասկանալու, թե ինչպես կարող է օգնել․ Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյան
Ահաբեկչության դեմ պայքարելու համար նախ երկրները պետք է դատապարտեն ահաբեկչության ցանկացած դրևսորում, ապա միավորեն իրենց ջանքերը, կարծում է Ախ քարտուղարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik․ Հայաստանը կապի մեջ է Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ հասկանալու համար, թե ինչպիսի օգնություն մեր երկիրը կարող է տրամադրել բարեկամ Իրանին։ Հայաստանում Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա ցավակցական գրառում կատարեց սգո մատյանում և շուտափույթ ապաքինում մաղթեց Քերմանում ահաբեկչության հետևանքով տուժածներին։
«Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է ահաբեկչության յուրաքանչյուր դրևսորում, պատրաստ է Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ կառավարությանն ու ժողովրդին օգնել հաղթահարելու այս ծանր վիճակը»,- ասաց Գրիգորյանը։
Նա շեշտեց, որ ահաբեկչությունը գլոբալ սպառնալիք է, որի դեմ պայքարելու համար երկրները պետք է միավորեն ջանքերը։
«Երկրները միայնակ չեն կարող պայքարել, սա գլոբալ սպառնալիք է, և այս գլոբալ սպառնալիքի դեմ և՛ տարածաշրջանային, և՛ բոլոր երկրները պետք է համատեղ պայքարեն»,- նշեց ԱԽ քարտուղարը։
Հիշեցնենք` հունվարի 3-ին Իրանի Քերման քաղաքում` գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզման տանող ճանապարհին, պայթյուններ են որոտացել։
Իշխանությունները Քերմանում տեղի ունեցած պայթյուններն ահաբեկչական հարձակում են որակել։ Ըստ իրանական լրատվամիջոցների` գերեզմանատան մոտ երկու պայթուցիկ սարք է դրված եղել պայուսակների մեջ։ Սարքերը գործարկվել են հեռակառավարմամբ։
Ահաբեկչության հետևանքով զոհվել է 89 մարդ, վիրավորների թիվը 284 է, նրանցից 220-ը հոսպիտալացվել են: