Հայաստանում նախորդ շաբաթվա հետ համեմատ սուր շնչառական հիվանդություններն աճել են 1,1 անգամ

Արխիվային լուսանկար
Վերջին մեկ շաբաթում հոսպիտալացումների դեպքերը նվազել է 16 %–ով ա, վերակենդանացման բաժանմունք դիմելիությունը նվազել է 8%–ով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Հայաստանում վերջին շաբաթվա ընթացքում նկատվում է սուր շնչառական հիվանդությունների աճ, որը նախորդ շաբաթվա հետ համեմատ աճել է 1,1 անգամ։ Տեղեկությունը ասուլիսում հայտնեց ՀՀ ԱՆ Հիվանդություններիչ վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելա Աբովյանը։
Նրա խոսքով` հիվանդացության աճը բնորոշ է սեզոնին։ Նշենք, որ սուր նչառական վարակների և գրիպի սեզոնը սկսվել է հոկտեմբերի 1–ից և ավարտվելու է մայիսի վերջին։
«Հունվարի 4–ի դրությամբ հանրապետության հիվանդանոցներում սուր շնչառական հիվանդություններով հոսպիտալացվել է 582 պացիենտ, որոնց 95%–ը 0-18 տարեկան երեխաներ են։ Թոքաբորբով հոսպիտալացված է 237 պացիենտ, որոնցից 62%–ը 0-18 տարեկան երեխաներ են։ Վերակենդանացման բաժանմունքում հոսպիտալացված է 78 պացիենտ, որոնցից 95 %–ը 0-18 տարեկան երեխաներ են»,–ասաց Աբովյանը։
Աբովյանը նաև հավելեց, որ առողջապահության առաջնային օղակներ դիմելիությունը մեծացել է 1.1 անգամ, զուգահեռ նվազել է հոսպիտալացումների տոկոսը։
Նախորդ շաբաթվա հետ հոսպիտալացումների դեպքերը նվազել են 16 %–ով, վերակենդանացման բաժանմունք դիմելիությունը նույնպես նվազել է 8%–ով։