ԳՇ պետի նախկին տեղակալի նկատմամբ հանրային նոր քրեական հետապնդում է հարուցվել

Հայկազ Բաղմանյան
Հայկազ Բաղմանյանին փողերի լվացման մեղադրանք է ներկայացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik․ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանի նկատմամբ հարուցվել է հանրային նոր քրեական հետապնդում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Նշվում է, որ դատախազը սեփական նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 251 մլն դրամ փողերի լվացում կատարելու համար:
Հայկազ Բաղմանյանին մեղադրանք է ներկայացված նաև հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքի և եկամտի վերաբերյալ տվյալները թաքցնելու համար (5 դրվագ):
Հիշեցնենք` նա 2009 թվականի հունվարի 26-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 5-ը զբաղեցրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը, 2018 թվականի մարտի 22-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնը։