ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik․ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը բոլորին կոչ է արել դիմակներ դնել և պատվաստվել Covid-19-ի դեմ՝ վարակի դեպքերի ավելացման պատճառով:
«Կորոնավիրուսի, գրիպի և այլ պաթոգենների հետևանքով առաջացած շնչառական հիվանդությունների թիվը մի քանի շաբաթվա ընթացքում շատ երկրներում աճում է, և սպասվում է, որ դա կշարունակվի վերջին տոներից հետո»,- գրել է ԱՀԿ ղեկավարը սոցցանցի իր էջում:
Նա բոլորին կոչ է արել կորոնավիրուսի թեստեր անել և անհրաժեշտության դեպքում դիմել բժշկական օգնության: ԱՀԿ ղեկավարը հորդորել է հաճախ օդափոխել սենյակները, սոցիալական հեռավորություն պահպանել վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու համար։
Նշենք, որ այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելա Աբովյանը հայտնեց, որ Հայաստանում վերջին երկու շաբաթվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 123 դեպք։ Նախորդ շաբաթվա հետ համեմատ թիվը նվազել է 7-ով։
Հիշեցնենք, որ Covid-19–ը բռնկվեց 2019 թվականի դեկտեմբերի վերջին, երբ Չինաստանի Ուհան քաղաքի բնակիչների մոտ անհայտ ծագման թոքաբորբի դեպքեր հայտնաբերվեցին: 2020 թվականի հունվարի 30-ին ԱՀԿ-ն կորոնավիրուսի բռնկումը համավարակ ճանաչեց։ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը գրանցվեց 2020 թվականի մարտի 1-ին։