ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik․ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը կառավարության որոշմամբ ազատվել է պաշտոնից։ Որոշումը հրապարակվել է գործադիր մարմնի կայքում։
«Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով և 5-րդ մասի 5-րդ կետով՝ կառավարությունը որոշում է Էդվարդ Հովհաննիսյանին ազատել Արմավիրի մարզպետի պաշտոնից»,- ասված է փաստաթղթում։
Նշենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ, կանգ առել Արագած բնակավայրում, շրջել Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում և մի շարք թերություններ ու խնդիրներ արձանագրել։
Հիշեցնենք, որ Փաշինյանը հունվարի 3-ին այցելել էր Լոռու մարզի դպրոցներ և մի շարք խախտումներ արձանագրել։ Հաջորդ օրը պաշտոններից ազատվեցին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։