ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. ԱՄՆ Պետդեպարտամենտը պատրաստ է մինչև 10 մլն դոլար պարգևավճար տալ այն տեղեկության համար, որը թույլ կտա կասեցնել ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման ֆինանսավորման մեխանիզմները։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է գերատեսչությունը։
«ԱՄՆ Պետդեպարտամենտի արդարադատության պարգևների ծրագիրը մինչև 10 մլն դոլար պարգև է առաջարկում այն տեղեկության համար, որը թույլ կտա դադարեցնել ՀԱՄԱՍ օտարերկրյա ահաբեկչական կազմակերպության ֆինանսական մեխանիզմները», - ասվում է հաղորդագրության մեջ։
Պետդեպը տեղեկություններ է խնդրում ՀԱՄԱՍ-ի ֆինանսական միջնորդների մասին, որոնք պաղեստինյան շարժման ներդրումային պորտֆելում ընկերություններ են կառավարում, դրամական փոխանցումներ են կատարում շարժմանը, ինչպես նաև օրինականացնում են հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։
Գերատեսչությունը պատրաստ է գումար վճարել տվյալների համար, որոնք թույլ կտան բացահայտել և ընդհատել ՀԱՄԱՍ-ի եկամտի ցանկացած աղբյուր, ֆինանսական մեխանիզմները, դոնորներին և միջնորդներին, դրամական փոխանցումներում միջնորդ հանդիսացող ֆինանսական կազմակերպություններն ու կառույցները։