Ակնկալում ենք, որ Ադրբեջանը հրապարակային հաստատի ապաշրջափակման սկզբունքները․ ԱԽ քարտուղար

Գրիգորյանի խոսքով՝ ապաշրջափակման սկզբունքների հարցում Հայաստանի և Իրանի դիրքորոշումները համընկնում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik․ Ադրբեջանն իր համաձայնությունը տվել է հաղորդակցության ուղիների ապաշրջափակման սկզբունքների շուրջ, հիմա հայկական կողմն ակնկալում է, որ Ադրբեջանն իր համաձայնությունը նաև հրապարակային հաստատի։ Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում ցավակցական գրառում կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
ՀՀ–Ադրբեջան երկաթուղու բացման փաստաթղթերը պատրաստվածության բարձր աստիճանի վրա են. Օվերչուկ
Նա հիշեցրեց՝ Հայաստանը շարունակում է պնդել, որ ապաշրջափակվող յուրաքանչյուր ենթակառուցվածք պետք է լինի տվյալ երկրի սուվերենության, իրավազորության ներքո, և ապաշրջափակումը պետք է տեղի ունենա հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։
«Սրանք են հիմնական սկզբունքները, որոնց շրջանակներում պատրաստ ենք ապաշրջափակումը կազմակերպել և աշխատել այս ուղղությամբ։ Հայաստանը շարունակելու է աշխատել ընդհանուր տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ»,- նշեց Գրիգորյանը։
Անվտանգության խորհրդի քարտուղարը կարևորում է այն հանգամանքը, որ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցում Հայաստանի և Իրանի դիրքորոշումները համընկնում են։
Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակում, այս սկզբունքների պահպանմամբ, հնարավոր է տարածաշրջանում հավելյալ կայունության և խաղաղության հասնել։
Հիշեցնենք` 2023–ի հունիսի 2-ին Մոսկվայում անցկացվեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը:
Հանդիպումից հետո ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնավորապես ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում: