Ահաբեկչությունը կատարողները վրեժխնդիր են լինում. Սոբհանին` Իրանում պայթյունների մասին

ՀՀ–ում Իրանի դեսպանը վստահ է` ահաբեկչության հեղինակները ցանկանում են վախի մթնոլորտ ստեղծել, բայց նմանատիպ քայլերով Իրանն ավելի է ուժեղանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Իրանի Քերման քաղաքում` գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզման տանող ճանապարհին տեղի ունեցած պայթյունների հեղինակները վրեժխնիր են լինում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
Նշենք, որ հունվարի 3-ին Իրանում Ղասեմ Սոլեյմանիի մահվան տարելիցին նվիրված մեծ հավաքի ժամանակ պայթյուններ են որոտացել, վերջին տվյալներով՝ 89 մարդ է մահացել։ Երկրի իշխանությունները այդ ամենը որակել են ահաբեկչություն, իսկ «Իսլամական պետությունը» արդեն ստանձնել է պատասխանատվությունը։

«Այս ահաբեկչական գործողությունը ցույց է տալիս, որ պայթյունը կազմակերպողները, Ղասեմ Սոլեյմանիին սպանողներն ու մեր թշնամիները վախենում են գեներալի համակիրներից։ Ահաբեկչության կազմակերպողներն ու իրականացնողներն իրենց գործողություններով ուզում են վերժխնդիր լինել մեզանից և իրենց քաղաքականությունը պարտադրել մեզ։ Երկար տարիներ է, որ նրանք ոճրագործ քայլեր են իրականացնում մեր դեմ»,– ասաց Սոբհանին։

Նա հիշեցրեց, որ գեներալ Ղասեմ Սոլեյմանին մեծ դերակատարություն է ունեցել «Իսլամական պետության» դեմ պայքարի գործում։ ԻՊ–ն դեկտեմբերի 4-ին հայտարարել է, որ իրենք են ահաբեկչության պատասխանատուները։ Սոբհանին նաև շեշտեց` ահաբեկչության հեղինակները նպատակ ունեն իրանցի ժողովրդի շրջանում վախի մթնոլորտ ստեղծել, բայց իրենց գործողություններով ավելի են ուժեղացնում Իրանն ու երկրի իշխանություններին։
Հայաստանում Իրանի դեսպանատանը սգո մատյան է բացվել