Կառավարության հունվարի 4-ի նիստում ընդունված որոշումներով զբաղեցրած պաշտններից ազատվել են Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ու Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։
Դրանից մեկ օր առաջ վարչապետը Նիկոլ Փաշինյանն այցելել էր Լոռի և ծանոթացել մարզում իրականացվող պետական ծրագրերի ընթացքին, այդ թվում` երեք մոդուլային դպրոցների շինարարական աշխատանքներին։Նորակառույց 3 դպրոցներում էլ կառավարության ղեկավարը բազմաթիվ խնդիրներ էր արձանագրել․ մի դեպքում կախիչն էր պոկվել ու մնացել Փաշինյանի ձեռքում, մեկ այլ տեղ բասկետբոլի օղակն էր չափորոշիչներին անհամապատասխան, ֆուտզալի դարպասներն էլ ոչ թե դահլիճի պատերի տակ էին, այլ կենտրոնում։
Կառավարության նիստում Փաշինյանը հայտնեց, որ Լոռու մարզ այցելելուց հետո համոզվել է, որ որոշ պաշտոնյաներ լավ չեն կատարում իրենց աշխատանքը։
Նույնիսկ զուգարանների մասին խոսեց` ասելով, որ 5 տարի է չի կարողանում որոշ պաշտոնյաների բացատրել, որ պետք չէ զուգարանում թափանցիկ ապակի դնել:
Վարչապետի մարզային այցին հետևած պաշտոնանկություններն ու աղմկահարույց հայտարարությունները վերլուծել ենք քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։
<Դա իր մեջ ներառում է PR շոուի տարրեր>,- նկատեց մասնագետը։
Բադալյանի համոզմամբ՝ երկրի ղեկավարի այդօրինակ պահվածքը բնորոշ է ավտորիտար երկրներին։