Վլադիմիր Պուտինը ռուսաստանաբնակ հայերին մեդալներ է շնորհել. ովքե՞ր են ցանկում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը. Արխիվային լուսանկար
ՌԴ–ում բնակվող հայրենակիցները պարգևատրվել են հայրենիքի առաջ ունեցած վաստակի համար, և ոչ միայն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի շարք հայերի մեդալներ, շքանշաններ, և պատվոգրեր է շնորհել տարբեր ոլորտներում ունեցած վաստակի համար։
Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՌԴ նախագահի պաշտոնական կայքում։
Հայրենիքի առաջ ունեցած վաստակի համար I աստիճանի շքանշան
Բժշկական գիտության և առողջապահության զարգացման հարցում ունեցած մեծ վաստակի, երկարամյա բեղմնավոր գործունեության համար «Հայրենիքի առաջ ունեցած վաստակի համար I աստիճանի» շքանշանով է պարգևատրվել «Ակադեմիկոս Վ.Ի. Կուլակովի անվան մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի ազգային բժշկական հետազոտական ​​կենտրոն» դաշնային պետական բյուջետային հաստատության փոխտնօրեն Լեյլա Վաղոյի Ադամյանը։
ՌԴ վաստակավոր բժիշկ
«ՌԴ վաստակավոր բժիշկ» պատվավոր կոչումը շնորհվել է «Մարզային կլինիկական ուռուցքաբանական դիսպանսեր» առողջապահության պետական հաստատության գլխավոր բժշկի տեղակալ Գրիգորի Ռաֆայելի Փյումփյուլյանին։
Բարեկամության շքանշան
Զանգվածային լրատվամիջոցների զարգացման հարցում ունեցած վաստակի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար բարեկամության շքանշանով է պարգևատրվել «ՆՏՎ հեռուստաընկերություն» բաժնետիրական ընկերության հաղորդավար Ռոման Գեորգիի Բաբայանը։
Հայրենիքի առաջ ունեցած վաստակի համար II աստիճանի շքանշան
«Հայրենիքի առաջ ունեցած վաստակի համար II աստիճանի» շքանշանով է պարգևատրվել «ՆՏՎ հեռուստաընկերություն» բաժնետիրական ընկերության բաժնի ղեկավար Նիկոլայ Գեորգիի Բայախչյանը և «Ռուսաստանի հանրային հեռուստատեսություն» ոչ պետական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Արմեն Ալբերտի Քեռյանը։