Խաղաղության պայմանագիրը չպետք է լինի ՀՀ–ի հետ սահմանազատման «պատանդը». Ալիևի օգնական

Երկու երկրների սահմանների դելիմիտացիայի հանձնաժողովները հանդիպել են հինգ անգամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի - Sputnik. Խաղաղության պայմանագիրը չպետք է լինի Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման «պատանդը»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը գերմանական Berliner Zeitung թերթին տված հարցազրույցում:
«Սահմանների դելիմիտացիան տեխնիկական և երկարատև գործընթաց է, մինչդեռ խաղաղության պայմանագրի կնքումը հատուկ ջանքեր չի պահանջում և հիմնված է միջպետական հարաբերություններում միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների փոխադարձ ընդունման վրա»,– ասել է նա։
Նա նշել է` չնայած խաղաղության համաձայնագրի և սահմանազատման ու սահմանագծման շուրջ բանակցությունները զուգահեռ են ընթանում, դրանք երկու տարբեր ձևաչափերով են։
Նա հիշեցրել է նաև, որ երկու երկրների սահմանների դելիմիտացիայի հանձնաժողովները հանդիպել են հինգ անգամ ու քննարկել են գործընթացի հիմքերը։
Ալիևի օգնականի խոսքով ՝ վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2023 թվականի նոյեմբերին ադրբեջանա-հայկական սահմանին։
«Այդ հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են սկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի համատեղ գործունեության մասին դրույթների համաձայնեցման աշխատանքները և ակտիվացնել հանձնաժողովների միջև հանդիպումները։ Մենք նաև այդ համաձայնությունը դիտարկում ենք որպես դրական նշան, հատկապես այն պատճառով, որ այն ձեռք է բերվել երկկողմ ձևաչափով»,-նշել է նա։
Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր կնքելու պատմական շանս կա. Ալիևի օգնական
Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին, որի նախագահն է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: