ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. «Իսլամական պետություն»* ահաբեկչական խմբավորումը ստանձնել է երեկ Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Իր Telegram ալիքներում հրապարակված հայտարարության մեջ գրոհային սուննի մահմեդական խմբավորումն հայտնել է, որ ԻՊ-ի երկու անդամներ պայթեցրել են իրենց պայթուցիկ գոտիները Սոլեյմանիի մահվան տարելիցի կապակցությամբ հավաքված ամբոխի մեջ:
Թեհրանն ավելի վաղ պայթյունների համար մեղադրել էր «ահաբեկիչներին» և խոստացել վրեժ լուծել։
Հիշեցնենք` հունվարի 3-ին Իրանի Քերման քաղաքում` գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզման տանող ճանապարհին, պայթյուններ են որոտացել։
Իշխանությունները Քերմանում տեղի ունեցած պայթյուններն ահաբեկչական հարձակում են որակել։ Ըստ իրանական լրատվամիջոցների` գերեզմանատան մոտ երկու պայթուցիկ սարք է դրված եղել պայուսակների մեջ։ Սարքերը գործարկվել են հեռակառավարմամբ։
Ահաբեկչության հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորների թիվը 284 է, նրանցից 220-ը հոսպիտալացվել են:
* կազմակերպությունն արգելված է Ռուսաստանի Դաշնությունում։