Հրազդանի նախկին ՔԿՀ-ի ու Դիլիջանի նախկին գիշերօթիկի շենքերը կտրվեն սոցիալական բնակֆոնդին

ՔԿՀ
Իրականացվելու են ծրագրեր՝ ուղղված կացարանի կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik․ Հրազդանի նախկին քրեակատարողական հիմնարկի և Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության շենքերը կամրացվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը սոցիալական բնակարանային ֆոնդի համար։ Որոշման նախագիծն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Նշենք, որ այս շենքերն ամրացված էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։
Որոշման նախագիծը բխում է կառավարության 2021-2026թթ. ծրագրով սահմանված դրույթներից, մասնավորապես՝ մշակվելու է բնակարանով ապահովման միասնական սոցիալական քաղաքականություն՝ ցածր եկամուտներ ունեցող, ինչպես նաև անապահով ընտանիքներին և խոցելի այլ խմբերին մշտական կամ ժամանակավոր կացարաններով ապահովելու նպատակով: Իրականացվելու են ծրագրեր՝ ուղղված կացարանի կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը։
«Անշարժ գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: