ՀՀ նախագահը ցավակցել է Իրանի ղեկավարությանն ու ժողովրդին

Վահագն Խաչատուրյան
Քերմանում տեղի ունեցած պայթյունների հետևանքով 95 մարդ է մահացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Իրանի ղեկավարությանն ու ժողովրդին ցավակցել է Քերմանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Նա գրառում է արել X-ի իր էջում։
«Խորապես վշտացած եմ Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած պայթյունների լուրից։ Իմ ամենաանկեղծ ու խորին ցավակցություններն եմ հայտնում Իրանի ժողովրդին և ղեկավարությանը»,–ասել է ՀՀ նախագահը։
Նա մահացածների ընտանիքներին և հարազատներին ուժ ու տոկունություն է մաղթել, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։
Հիշեցնենք` հունվարի 3-ին Իրանի Քերման քաղաքում` գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզման տանող ճանապարհին, պայթյուններ են որոտացել։
Իշխանությունները Քերմանում տեղի ունեցած պայթյուններն ահաբեկչական հարձակում են որակել։ Ըստ իրանական լրատվամիջոցների` գերեզմանատան մոտ երկու պայթուցիկ սարք է դրված եղել պայուսակների մեջ։ Սարքերը գործարկվել են հեռակառավարմամբ։ Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարար Բահրամ Էյնոլահին հաստատել է, որ պայթյունի հետևանքով 95 մարդ է մահացել։ Մինչ այդ ԶԼՄ–ները հայտնել էին 103 զոհի և 211 վիրավորի մասին։