«Հ1-ը պատվեր է կատարել». Տեր Առնակը` կաթողիկոսի ամանորյա ուղերձը չհեռարձակելու մասին

Տեր Առնակ Հարությունյանը Sputnik Արմենիայում
Հոգևորականը նշում է, որայս քայլով արդեն բացեիբաց ցույց են տալիս այն հակակրանքը, որ ունեն հայ ժողովրդի պատմությունը կերտող եկեղեցու նկատմամբ:
Sputnik
Հանրային հեռուստաընկերությունը պատվեր է կատարել։ Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Տեր Առնակ Հարությունյանը`խոսելով Գարեգին 2–րդ կաթողիկոսի ամանորյա ուղերձը չհեռարձակելու մասին։
«Ցավալի և զարմանալի էր այս ամենը, ես դա որպես քահանա չեմ ասում, այլ որպես ՀՀ քաղաքացի` հարկեր և վարկեր վճարող քաղաքացի։ Ես իմ տանը նստած սպասում էի կաթողիկոսի ուղերձին։ Այնպես որ, իրավունք չունեին ինձ զրկելու ուղերձը դիտելու հնարավորությունից»,–ասաց նա։
Իսկ որպես հոգևորական Տեր Առնակը ցավ է ապրել, որովհետև այս քայլով արդեն բացեիբաց ցույց են տալիս այն հակակրանքը և վերաբերմունքը, որ ունեն հայ ժողովրդի պատմությունը կերտող եկեղեցու նկատմամբ:
«Մեկը կարող է չընդունել կաթողիկոսին, բայց 10-ն ընդունում են: Այդ 10-ինն է Հանրային հեռուստաընկերությունը, և իրավունք չունեին հանուն այդ մեկի 10-ին զրկել կաթողիկոսի պատգամը լսելու իրավունքից»։
Նշենք, որ անկախության պատմության մեջ դեռևս Վազգեն Ա Հայրապետի ժամանակաշրջանից ավանդաբար Հանրային հեռուստաընկերության եթերով Ամանորի գիշերը երկրի ղեկավարի ուղերձից անմիջապես առաջ հեռարձակվել է կաթողիկոսի ուղերձը։
2023–ի դեկտեմբերի 31–ի երեկոյան Մայր աթոռի տեղեկատվական համակարգը հայտարարարել էր, որ Հանրային հեռուստաընկերությունը վերջին պահին առանց որևէ պատճառաբանության տեղեկացրել է, որ կաթողիկոսի ամանորյա ուղերձը եթեր չի հեռարձակվի կեսգիշերից առաջ։ Առաջարկվել է փոխարենը Գարեգին Բ–ի ուղերձը ներկայացնել «Լուրերի» երեկոյան թողարկման ընթացքում, ինչը Մայր աթոռը պատշաճ չի համարել ու մերժել է։
Ինչու չի հեռարձակվել Գարեգին Բ–ի ուղերձը. Հանրային հեռարձակողի խորհրդի պարզաբանումը