ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik․ Երևանում իրականացվող շինարարության և կառուցապատման արդյունքում գազի, այսպես ասած, նոր պահանջարկը գրեթե այնքան է, որքան այս պահին սպառում է քաղաքը։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
«Եթե այս կառուցապատումներն ամբողջությամբ ավարտվեն, պահանջարկը կրկնակի կավելանա։ Ընդհանուր համալիր լուծում է ընտրվել, փոխարժեքի նվազումից ունենք որոշակի խնայողություններ, որոշում է կայացվել այդ գումարներն ուղղել ենթակառուցվածքների վերականգնմանը, այսինքն՝ Երևան մտնող չորս ուղղություններով ենթակառուցվածքներն ամբողջովին հզորացվում են, գազաբաշխիչ նոր կայաններ են կառուցվելու 4 ուղղություններով»,- նշեց Բաղրամյանը։
Նա հայտնեց, որ 2 ուղղություններով շինարարական աշխատանքներն արդեն ավարտված են, 2 ուղղություններով էլ նախագծման աշխատանքներն են իրականացվում։
Հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ նոր միացող բաժանորդների համար միացման սակագին է սահմանվելու, այսինքն՝ ընդհանուր բաժանորդների համար բեռ չի դառնալու, բաշխիչ կայանների կառուցման համար օգտագործված խնայողությունները պետք է վերադարձվեն։
Նշենք, որ 2022-ի ընթացքում գազի սպառումը հանրապետությունում կազմել է 2 մլրդ 817.2 մլն խորանարդ մետր, 2023-ի ինն ամիսներին` 1 մլրդ 895 մլն։