ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Ամանորի գիշերը Արեգակի վրա ուժգին բռնկում է տեղի ունեցել, որը սակայն Երկրի վրա չպետք է որևէ երևույթ առաջացնի։ Այս մասին ասվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի սիբիրյան մասնաճյուղի արևային աստղագիտության լաբորատորիայի կայքում:
Նշվում է, որ բռնկումը ներկայիս արեգակնային ցիկլի առաջին հզոր պայթյունն է։
«Պայթյունը մոտավորապես 2 անգամ ավելի հզոր է, քան այս ցիկլի նախորդ ռեկորդային իրադարձությունները։ Ըստ նախնական դասակարգման՝ բռնկումին տրվել է X5.0 բալ։ Նախկինում ամենաուժգին բռնկումը կազմել է X2.8 բալ»,- ասվում է զեկույցում։
Ինչպես պարզաբանել են գիտնականները, պայթյունի պատճառը արեգակնային պսակում մագնիսական և էլեկտրական էներգիայի կուտակումն է եղել` արեգակնային բծերի շարժման արդյունքում։ Բռնկումը կանխատեսելն անհնար է եղել, քանի որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, գտնվում է Արեգակի հեռավոր կողմում և անտեսանելի է երկրային գործիքների համար:
Լաբորատորիայի աշխատակիցները չեն բացառել, որ մինչ Արեգակի տեսանելի կողմը հասնելը այս շրջանն արդեն մի քանի խոշոր պայթյուններ է առաջացրել իր հակառակ կողմում, որոնք թաքնված են մնացել երկրային գործիքներից։ Այս դեպքում պայթյունների շարքը կարող է շարունակվել առաջիկա օրերին։
Ընդգծվում է, որ բռնկման ազդեցությունը մեր մոլորակի վրա լիովին բացառված է, քանի որ այն տեղի է ունեցել Արեգակի արևելյան եզրին՝ Արև-Երկիր գծից զգալի հեռավորության վրա։
Նախորդ բռնկումը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերի 14-ին: