ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. ԱՄՆ-ն ցանկանում է Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող աֆրիկյան մի շարք երկրների օդանավակայաններն օգտագործել հետախուզական անօդաչու թռչող սարքեր տեղակայելու համար: Տեղեկությունը հայտնում է «Wall Street Journal»-ը՝ հղում անելով ամերիկացի և աֆրիկացի պաշտոնյաներին ։
«ԱՄՆ-ն նախնական բանակցություններ է վարում Գանայի, Կոտ դ'Իվուարի և Բենինի օդանավակայաններն օգտագործելու համար թույլտվություն ստանալու շուրջ», - ասված է հրապարակման մեջ:
Թերթի տեղեկություններով՝ Վաշինգտոնն այդպիսով ձգտում է կանգնեցնել իսլամիստ զինյալների տարածվելը տարածաշրջանում։
Պարբերականը նշում է, որ ԱԹՍ–ներն ամերիկյան ուժերին թույլ կտան վերահսկել զինյալների տեղաշարժը և մարտական գործողությունների ժամանակ մարտավարական խորհուրդներ տալ տեղի ուժերին:
Պետդեպարտամենտի պաշտոնյայի խոսքով՝ հնարավոր է` ԱՄՆ-ն Նիգերի համար նախատեսված օգնության մի մասն ուղղի Արևմտյան Աֆրիկայի ափամերձ շրջաններին: