2023-ին ArmPower-ում խափանումը չի կրկնվել, կայանը տվել է Հայաստանի էլեկտրականության 20%-ը

2022 թվականին վթարային վերանորոգման պատճառով կայանը մի քանի ամիս չէր գործում, սակայն 2023 թվականից միացել է ամբողջ հզորությամբ, նույն աշխատանքային ռեժիմը սպասվում է 2024 թվականին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Երևանի ArmPower ՋԷԿ-ում 2022-ի խափանումները չեն կրկնվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց կայանի տեխնիկական տնօրեն Արկադի Գևորգյանը։
2022 թվականի ապրիլին կայանը վթարային վերանորոգման համար կանգ առավ մինչև օգոստոսի վերջ։ Վերանորոգումը հետաձգվեց, քանի որ վնասված սարքավորումները վերականգնման համար պետք է տեղափոխվեին Գերմանիա: Արդյունքում 2022 թվականին կայանը արտադրել է ընդամենը 1 միլիարդ 220 միլիոն կՎտ /ժ։
2023 թվականին նման խափանումներ չեն նկատվել, և կայանը արտադրել է մոտ 1,8 միլիարդ կվտ/ժ։ Գևորգանը նշեց, որ հաջորդ տարվա համար նախատեսված է մոտավորապես նույն թիվը։ Այսպիսով, կայանը կշարունակի արտադրել Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 20 տոկոսը։
«Աշխատում ենք նախագծային ռեժիմով, այս տարվա համար որևէ մտավախություն չունենք»,- ասաց նա:
Գևորգյանի խոսքով՝ հաջորդ տարվա համար ևս կապիտալ աշխատանքներ չեն նախատեսվում (միայն ընթացիկ վերանորոգում և սպասարկում):
ԵԱԶԲ–ն 26 մլն դոլար կհատկացնի Հրազդան ՋԷԿ–ի նոր էներգաբլոկի շինարարության համար
ArmPower ՋԷԿ-ը (որը գտնվում է Երևանի ՋԷԿ-ի հարևանությամբ) կառուցվել է իտալական Renco ընկերության կողմից գերմանական Siemens կոնցեռնի մասնակցությամբ և պաշտոնապես շահագործման է հանձնվել 2021 թվականի դեկտեմբերին։ Կայանի արտադրած էլեկտրաէներգիան անցնում է Երևանի ՋԷԿ-ի տնօրինությանը, որն էլ այն Իրան է արտահանում «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» սխեմայով։ Իրանից գազը մատակարարվում է Երևանի ՋԷԿ-ի և ArmPower-ի շահագործման համար, որից հետո յուրաքանչյուր խորանարդ մետր գազից արտադրվում է 4-4,5 կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա: Դրանցից երեքը վերադարձվում են Իրան, մնացորդն օգտագործվում է Հայաստանում։