ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. 2023 թ.–ի դեկտեմբերի 31-ին, 2024 թ.–ի հունվարի 1-ին և 2-ին Երևանի շտապօգնությունում արձանագրել է 3273 կանչ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի փոխտնօրեն Արմինե Զոհրաբյանը։
Նա նշեց, որ նշված ժամանակահատվածում 559 բուժառու է հոսպիտալացվել։
«Գրանցված կանչերից 14–ը եղել է ալկոհոլային թունավորում, 3 մարդ է հոսպիտալացվել, 2 կանչ եղել է պայթուցիկից տուժածների համար, 2-ն էլ հոսպիտալացվել են, մեկական էլ քիմիական ու դեղորայքային թունավորում է արձանագրվել։ Կանչերից 4-ը եղել են շան կծածի հետևանքով, 3 հոգի հոսպիտալացվել են»,– նշեց նա։
Զոհրաբյանի խոսքով` կանչերի մեծ մասը, ինչպես և մնացած օրերին, սրտանոթային հիվանդությունների ու զարկերակային ճնշման դեպքեր են եղել։
Նա հավելեց, որ «Շտապօգնություն» ՓԲԸ-ի ենթակայության տակ գտնվող «Սուրբ Աստվածամայր» մանկական ԲԿ–ում երեք օրվա ընթացքում 4 երեխա է ընդունվել, որոնք վնասվածքներ են ստացել պայթուցիկ նյութերի հետևանքով։
Նշենք, որ նախորդ տարի դեկտեմբերի 31-ին, 2023 թ.–ի հունվարի 1-ին և 2-ին արձանագրվել էր 2817 կանչ, 506 մարդ էր հոսպիտալացվել։