Վերին Լարսի ճանապարհին շուրջ 250 բեռնատար է կուտակվել

Բեռնատարներ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար տրանսպորտի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհին շուրջ 250 բեռնատար է կուտակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«ՀՀ-ՌԴ ուղղությամբ մոտ 50 բեռնատար կա, շուրջ 200 բեռնատար էլ` հակառակ ուղղությամբ»,– ասաց նա:
Նշենք, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն այսօր կրկին փակվել է բեռնատար տրանսպորտի համար։ Թեթև մարդատարների համար ճանապարհը բաց է:
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո՝ 2024 թվականին, տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: