Ճապոնական Իսիկավայում 2 օրում ավելի շատ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել, քան 3 տարում

Սեյսմոգրաֆ
Հունվարի 1-ին Իսիկավա պրեֆեկտուրայում ստորգետնյա ցնցումների հետևանքով շենքեր են ավերվել։ Վերջին տվյալներով՝ երկրաշարժերի զոհ է դարձել 65 մարդ, ավելի քան 100 տուժած կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Սեյսմոլոգները հունվարի 1-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժերից հետո Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայի Նոտո թերակղզու շրջանում ստորգետնյա ցնցումների 521 դեպք են գրանցել, ինչը գերազանցում է վերջին 3 տարվա ընդհանուր ցուցանիշը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ 2020 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի դեկտեմբերը տվյալ տարածաշրջանում գրանցվել է 1 բալից բարձր ուժգնությամբ 506 ստորգետնյա ցնցում։
Հունվարի 1-ի ցերեկը Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայում մի շարք հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել, որոնցից հետո Ճապոնիայի արևմտյան ափի որոշ շրջաններում ցունամիի վտանգ է հայտարարվել։
Ստորգետնյա ցնցումների հետևանքով շենքեր են ավերվել, դադարեցվել է ճեպընթաց գնացքների երթևեկությունը, ավելի քան 32 հազար տներում անջատվել է էլեկտրաէներգիան։
Վերջին տվյալներով՝ երկրաշարժերի հետևանքով մահացել է 65 մարդ, ավելի քան 100–ը՝ տուժել: Սակայն, ըստ կանխատեսումների, զոհերի և տուժածների թիվը կշարունակի աճել, քանի որ փլատակներում կարող են մարդիկ լինել։
2024 թվականի հունվարի 1-ի երկրաշարժն ամենահզորն է եղել Նոտո թերակղզու տարածաշրջանի համար 1885 թվականից ի վեր։
Ճապոնիայի երկրաշարժերից հետո ՌԴ Մագադանի շրջանում սառույցի արագ հալվելու սպառնալիք կա