ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է, նա այնտեղ ծանոթանում է կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում։
«Տարվա առաջին աշխատանքային օրն այցելել եմ Լոռու մարզ՝ ծանոթանալու կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին: Առաջին կանգառը Վարդաբլուրի միջնակարգ դպրոցն էր, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ»,– գրել է Փաշինյանը:
Փաշինյանը մարզադահլիճում ծանոթացել է աշխատանքներին, ինչպես նաև ուսումնասիրել է գույքը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ գույքից միայն շվեդական պատերը չեն ընդունվել, քանի որ անորակ են եղել, պետք է նորը բերվի։
Վարդաբլուրի միջնակարգ դպրոցում նաև կարատեի խմբակ է գործում, և վարչապետի այցի ընթացում աշակերտները որոշ հնարքներ ցույց տվեցին։
Դպրոցի շինարարության համար կառավարությունը հատկացրել է ավելի քան 237 մլն դրամ: Շինաշխատանքները սկսվել էին 2022թ. մայիսին: