ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին՝ Քերմանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Սրտի խորը կսկիծով տեղեկացա այսօր Քերմանում տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են անմեղ մարդիկ։ Այս ծանր պահին Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից, Ձե՛րդ գերազանցություն, թույլ տվեք վշտակցության խոսքեր հղել զոհերի բոլոր հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին»,- ասված է հեռագրում:
Ավելի վաղ ցավակցություն էր հայտնել նաև ՀՀ արտգործնախարարությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իրանի Քերման քաղաքում` գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզման տանող ճանապարհին, պայթյուններ են որոտացել։ Պայթյունները գրանցվել են Սոլեյմանիի մահվան տարելիցին նվիրված մեծ հավաքի ժամանակ։
Իշխանությունները Քերմանում տեղի ունեցած պայթյուններն ահաբեկչական հարձակում են որակել։
Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ գերեզմանատան մոտ երկու պայթուցիկ սարք է դրված եղել պայուսակների մեջ։ Սարքերը գործարկվել են հեռակառավարմամբ։
Պայթյունների զոհերի թիվը, վերջին տվյալներով, 103 է։ Վիրավորվել է մոտ 200 մարդ։
Իրանում հունվարի 4-ը սգո օր է հայտարարվել։