Իսրայելը Լիբանանի հետ պատերազմի շեմին է, բայց դա փակուղի է. Թուրքիայի արտգործնախարար

Իսրայելյան գնդակոծությունից հետո
Ֆիդանն ընդգծել է, որ խնդիրը հնարավոր է լուծել խաղաղ ճանապարհով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Իսրայելը Լիբանանի հետ պատերազմի շեմին է, բայց դա փակուղի է։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Ավելի վաղ Լիբանանի NNA ազգային գործակալությունը հայտնել էր, որ Հարավային Բեյրութում իսրայելական անօդաչուն հարձակվել է ՀԱՄԱՍ շարժման գրասենյակի վրա, ինչի հետևանքով 6 մարդ է մահացել։ Al Mayadeen լիբանանյան հեռուստաալիքի տեղեկություններով` զոհվել է ՀԱՄԱՍ–ի քաղբյուրոյի ղեկավարի տեղակալ Սալեհ ալ–Արուրին։ Նրա, ինչպես նաև ՀԱՄԱՍ–ի «Բրիգադ ալ–Քասամա» ռազմական թևի ևս երկու հրամանատարների և երեք շարքային մարտիկների մահը հաստատել է ՀԱՄԱՍ–ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան։ Իսրայելական ԶԼՄ–ները հայտնել էին, որ Բեյրութում պայթյունի ժամանակ սպանվել էր Լիբանանի հարավում ՀԱՄԱՍ–ի գործողությունների հրամանատարը։
«Կարծում եմ, որ Իսրայելը հազիվ է իրեն զսպում Լիբանանի հետ պատերազմի մեջ մտնելուց։ Բայց ահա թե ինչ կասեմ` դա փակուղային ճանապարհ է։ Եթե դա տեղի ունենա, ապա պատերազմը, իհարկե, չի ավարտվի։ Եթե նրանք խնդրի լուծում են ուզում, հակառակը` դրա ճանապարհը խաղաղության և «երկու պետություն» սկզբունքի միջով է անցնում», – Ֆիդանի խոսքերն է մեջբերում Ahaber հեռուստաալիքը` մեկնաբանելով ալ–Արուրիի սպանությունը։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Իսրայելն այդպիսով ազդանշան է ուղարկել, որ իր ՌՕՈւ–ն հետևում է ՀԱՄԱՍ–ի ներկայացուցիչների բոլոր տեղաշարժերին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախորդ շաբաթ հանդես էր եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի քննադատությամբ` հերթական անգամ համեմատելով նրան Ադոլֆ Հիտլերի հետ։ Նեթանյահուն իր հերթին հայտարարել էր, որ Էրդողանը վերջինն է, ով կարող է իրենց գլխին խրատ կարդալ։
Ավելի վաղ Էրդողանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին բազմիցս «դահիճ» և «մարդասպան» էր անվանել, հայտարարել, որ նա Գազայի հատվածում ցեղասպանություն է կազմակերպել իր քաղաքական կարիերան երկարացնելու և Իսրայելում իր դեմ սկսված դատական գործընթացից խուսափելու համար։ Բացի այդ, Անկարան հրաժարվում է ՀԱՄԱՍ–ը ահաբեկչական կազմակերպություն ճանաչել։