ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Իրանում գրանցված պայթյունների հետևանքով մահացածների թիվը հասել է 50–ի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իրանական լրատվամիջոցներին։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իրանի Քերման քաղաքում` գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզման տանող ճանապարհին, պայթյուններ են որոտացել։ Պայթյունները գրանցվել են Սոլեյմանիի մահվան տարելիցին նվիրված մեծ հավաքի ժամանակ։ Ըստ «Irna» գործակալության` 15 մարդ է տուժել։
Իշխանությունները Քերմանում տեղի ունեցած պայթյուններն ահաբեկչական հարձակում են որակել։
Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ գերեզմանատան մոտ երկու պայթուցիկ սարք է դրված եղել պայուսակների մեջ։ Սարքերը գործարկվել են հեռակառավարմամբ։
Հիշեցնենք` 2020թ. հունվարի 3-ի գիշերը ԱՄՆ-ն իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի և «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսի ոչնչացման գործողություն իրականացրեց Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջանում: Վաշինգտոնում համարում էին, որ նրանք մասնակցել են 2019 թ․-ի դեկտեմբերի 31-ին Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման կազմակերպմանը։ Իրանը ի պատասխան հարվածներ հասցրեց Իրաքի ամերիկյան ռազմակայանին։
62-ամյա Սոլեյմանիին ազգային հերոսի պես հուղարկավորեցին։