Ինչու չի հեռարձակվել Գարեգին Բ–ի ուղերձը. Հանրային հեռարձակողի խորհրդի պարզաբանումը

Ամենայն հայոց կաթողիկոս
Ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ օրենսդրական կարգավորում չկա, և յուրաքանչյուր հեռուստաընկերություն ինքն է որոշում, թե երբ և ինչ հերթականությամբ հեռարձակի ուղերձները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Հանրային հեռուստաընկերությունը չի հրաժարվել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ամանորյա ուղերձի հեռարձակումից։ Այս հայտարարությունը տարածել է Հանրային հեռարձակողի խորհուրդը (ՀՀԽ)` պարզաբանելով դեկտեմբերի 31-ի կեսգիշերին Առաջին ալիքի եթերում կաթողիկոսի ուղերձի բացակայության շուրջ քննարկումները:
Ավելի վաղ Մայր աթոռի տեղեկատվական համակարգը հայտարարարել էր, որ Հանրային հեռուստաընկերությունը վերջին պահին առանց որևէ պատճառաբանության տեղեկացրել է, որ կաթողիկոսի ամանորյա ուղերձը եթեր չի հեռարձակվի կեսգիշերից առաջ։ Առաջարկվել է փոխարենը Գարեգին Բ–ի ուղերձը ներկայացնել «Լուրերի» երեկոյան թողարկման ընթացքում, ինչը Մայր աթոռը պատշաճ չի համարել ու մերժել է։
«Դեկտեմբերի 31-ին Հանրային հեռուստաընկերությունը ծրագրել էր հեռարձակել Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը ամենադիտվող հատվածներից մեկում՝ պաշտոնական ուղերձների համար այս տարի առանձնացված ժամին։ Կաթողիկոսի ելույթը պետք է հաջորդեր ՀՀ նախագահի ելույթին։ Ցավոք, Մայր աթոռի անունից Տեր Վահրամ քահանա Մելիքյանը տեղեկացրել է, որ պահանջում են չհեռարձակել և ընդհանրապես չօգտագործել կաթողիկոսի ուղերձի տեսագրությունը, որի հեղինակային իրավունքները պատկանում են Մայր աթոռին»,– ասված է Հանրային հեռարձակողի խորհրդի հաղորդագրությունում։
Նշվում է` քանի որ պահանջը միայն Հանրային հեռուստաընկերությանն է առնչվել, խորհրդին ենթակա «Շողակաթ» հեռուստաալիքը և Հանրային ռադիոն ուղերձը հեռարձակել են, իսկ Հանրային հեռուստաընկերության եթերի վերաբերյալ բանավոր դիմումը բավարարվել է։
«Հայաստանում ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ օրենսդրական կարգավորում չկա, և յուրաքանչյուր հեռուստաընկերություն ինքն է որոշում, թե երբ և ինչ հերթականությամբ հեռարձակի ուղերձները։ Հաշվի առնելով հանրային լայն արձագանքը՝ Հանրայինն առաջարկում է խնդիրը կարգավորել օրենսդրական դաշտում»,– ընդգծել է ՀՀԽ–ն։
Խորհուրդն ափսոսանք է հայտնել միջադեպի համար և հույս հայտնել, որ այն որևէ կերպ չի անդրադառնա Հանրայինի և Մայր աթոռի համագործակցության վրա։
Նշենք, որ անկախության պատմության մեջ դեռևս Վազգեն Ա Հայրապետի ժամանակաշրջանից ավանդաբար Հանրային հեռուստաընկերության եթերով Ամանորի գիշերը երկրի ղեկավարի ուղերձից անմիջապես առաջ հեռարձակվել է կաթողիկոսի ուղերձը։