ՀՀ ՊՆ-ն մեկնաբանել է 2024թ.–ի ՀԱՊԿ զորավարժություններին Հայաստանի մասնակցության հարցը

ՀԱՊԿ զորավարժություններ. Արխիվային լուսանկար
Ընթացիկ տարում զորավարժություններ են նախատեսված Ղրղզստանում օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի և Ղազախստանում խաղաղապահ ուժերի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է 2024 թվականին ՀԱՊԿ զորավարժություններին Հայաստանի մասնակցելու հարցը։
«ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելու հարցը ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր պետություն որոշում է անմիջականորեն զորավարժության անցկացման հայտարարման փուլում»,–ասված է հաղորդագրության մեջ:
2023թ–ի նոյեմբերին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության այն ժամանակվա միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը հայտարարել էր, որ ՀԱՊԿ զորավարժությունները 2024 թվականին կանցկացվեն Ղազախստանում և Ղրղզստանում:
Մասնավորապես` Ղրղզստանում նախատեսված են զորավարժություններ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի, իսկ Ղազախստանում ՝ խաղաղապահ ուժերի հետ:
Հիշեցնենք, որ Հայաստանը հրաժարվել է մասնակցել 2023 թվականի հոկտեմբերի 9-13-ը Ղրղզստանում կայանալիք ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն» զորավարժություններին։ ՀՀ ղեկավարությունը չի մասնակցում նաև կազմակերպության նիստերին։